Քաղաքականությունն իսկապես ամբոխի մասնագիտությունը չէ, և երբ չես տիրապետում համակողմանի տեղեկությունների, բոլորովին պարտադիր չէ կարծիք հայտնել՝ կրկին մոլորեցնելով հասարակությանը։ Քաղաքականությունը գործողություն է և ոչ թե այդ գործողությունները քողարկող հայտարարություններ։ Գործողություն, որին հիանալի տիրապետում են շատ երկրների կառավարությունները, և որից իսպառ զերծ է մեր այսօրվա իշխանությունը։

Մի շարք երկրների քաղաքականության թիրախն իրականում Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որոնց սիրողական ու մակերեսային, նաև տրված խոստումների և դրանց չկատարման քաղաքականությունն ափերից հանել է այդ երկրների իշխանություններին։ Այս մեղադրանքն այնքան լուրջ է, որ եթե Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունները քիչ թե շատ թասիբ ունենային կամ գոնե չնչին հարգանք սեփական ժողովրդի, հայրենիքի նկատմամբ, կրքերն ավելի չբորբոքելու համար նրանք պարզապես կհեռանային՝ մինչ այդ հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, բայց քանի որ նրանք ամենևին չեն գիտակցում, թե երկիրն ինչ փակուղու առաջ են կանգնեցրել, և վտանգի մասին ցանկացած նախազգուշացում միայն ավելի է խորացնում նրանց «գոռոզ» քամահրանքը հասարակության և ընդդիմախոսների նկատմամբ, նման գործելակերպը թվում է առասպել։

Կառավարության անձեռնհասության և անգործունեության պայմաններում ոչ միայն ընդդիմության, այլև ամբողջ հասարակության հրատապ խնդիրն է իշխանություններին ստիպել վերանայել իրենց մոտեցումները: Բայց սա էլ է առասպելի ժանրից, քանզի ժողովուրդը, որքան էլ ցավալի է մատնանշել, սակայն դա փաստ է, վաղուց ընտրել է իշխանություններից վրեժխնդիր լինելու միջոցը․ եթե իշխանությունները չեն հեռանում, ժողովուրդը արտագաղթում է․․․

Հ.Գ. Հասարակությունը չի պատկերացնում, թե ինչ իրավիճակում է հայտնվել մեր պետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել