Սովորեցէ՜ք հայօրեն մտածել. դա՜ է ազգային բարոյականի հիմքը:
Գարեգին ՆԺԴԵՀ

Օտարամոլությունն սկսվում է դրսևորվել մարդկանց մեջ, երբ հասարակությունը և զանազան խայտաբղետ կազմակերպիչներ, որոնց նպատակը փող կորզելն է ամեն ինչից, նախանձից ու ինքնահավանությունից քողարկում և արգելափակում են իրենց հայրենակիցների ստեղծած արժեքավոր համակարգը և նպաստում օտար անմտությունների գովազդմանը սեփական երկրում, քանի որ այդ օտարին չեն նախանձում: Օտարամոլությունը հատուկ է բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից: Այլ բառով մեր երկրում այն կարելի է անվանել նորամոլություն: Ցանկացած երկրում այն կարող է զարգանալ, եթե ստեղծվի նպաստավոր դաշտ, ինչը ունենք մենք այսօր: Բայց այն հիմնականում դրսևորվում և զարգանում է այն երկրներում, որոնք չունեն պետական նպատակներ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության ոլորտում:

Ինչու այսօր ցավագնորեն բողոք արտահայտեցինք, որովհետև անարդարությունը, ատելությունը, ստորությունը քո ոտքն են տրորել, ոտնահարել են քեզ համար սիրելի մարդու իրավունքները, բայց չէ՞ որ միշտ ոտնահարում են, միշտ ստորացնում են մարդկանց, և դու անտարբեր լսում ես, տեսնում կամ կարդում, բայց ոչինչ չես ձեռնարկում, որովհետև քեզ ինչ, որ անծանոթ մեկին անարդարացիորեն ազատազրկում եմ, մյուսին` հեռացնում աշխատանքից, երրորդին...

Եթե չէիր ուզում, որ անարդարությունը քամահրական քրքիջով նաև քո դուռը թակի, ըմբոստանայիր և պայքարեիր նրա դեմ, երբ նա դեռևս հեռու էր: Եվ անարդարությունը մեր անտարբերությունից, ամեն ինչին մատների արանքով նայելու մեր դարավոր սովորույթից ուռճացավ, դարձավ մի ահավոր ժանտախտ և խժռեց, կործանեց ամեն ինչ, բոլորին: Իսկ մենք, մեր տգիտությունից չգիտակցելով մեր անզորությունը, մեղադրեցինք բոլորին, միայն ոչ մեզ և մեր վայրենի վայնասունը բաձրացրինք աշխարհի անտարբերության, անարդարության դեմ... Ահա ճակատագիրը: Մենք ենք մեր արժանիքներով, մեր թերություններով սնուցում ու կազմավորում հանգամանքներ, որոնք էլ ուղղորդում են մեզ... և որոշում մեր բախտը:

Հ.Գ. «Ապրել ու գործել այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժեր ապրել». Գարեգին Նժդեհ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել