Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Սահակյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա ծառայում էր Ոստիկանության Զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի 1-ին վաշտում՝ որպես ավագ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին, դեպի Սարդարապատ ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել էր բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց էին ուղեկցել ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վթարված ավտոմեքենայի մոտ հայտնաբերել էին ատրճանակ և «Տիր» տեսակի հրացան, որոնք ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից առգրավվել էին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել