Operativ.am-ը գրում է․

Գեներալ Խալիֆ Խաֆտարի Լիբիայի ազգային ինքնահռչակ բանակի (LNA) զորքերը դեկտեմբերի 22-ին հայտարարել են, որ Միջերկրական ծովում թուրքական անձնակազմով նավ են գրավել, հայտնում է DW-ը։

LNA-ի ներկայացուցիչ Ահմեդ Ալ Միսամրիի խոսքերով՝ Գրենադայի դրոշի ներքո նավարկող նավը գրավվել է լիբիական ափամերձ Դերնա քաղաքի մոտ։ Այնտեղից նավը ստուգման համար տարվել է LNA-ի կողմից վերահսկվող Ռաս Էլ Խիլալե նավահանգիստ։

Ալ Միսամրին նաեւ ներկայացրել է կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես են LNA-ի զինվորները հարցաքննում անձնակազմի երեք անդամներին։ dpa գործակալությունը հայտնում է նաեւ նրանց անձնագրերի լուսանկարների հրապարակման մասին։ Նավաստիների գտնվելու վայրի եւ նրանց վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ պաշտոնական Անկարան աջակցել է Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ ազգային միասնության կառավարությանը։ Խաֆտարն ու նրա հետեւորդները ապրիլից ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել Տրիպոլին։

Նավի գրավումից մի քանի ժամ առաջ թուրքական խորհրդարանը վավերացրել էր Լիբիայի ազգային միասնության կառավարության հետ անվտանգության եւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն թույլ է տալիս Թուրքիային ռազմական տեսուչներ եւ խորհրդատուներ ուղարկել Լիբիա։ Բացի այդ, Անկարան կարող է համատեղ զինվորական վարժանքներ անցկացնել եւ զենք ու ռազմական տեխնիկա ուղարկել Լիբիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել