Operativ.am-ը գրում է.

Ավստրալիայի կառավարությունը հունվարի 6-ին հայտարարել է հրդեհներից երկրի վերականգնման համար 1,25 մլրդ եվրո հատկացնելու որոշման մասին, հաղորդում է DW-ը:

Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարին միացել են հազարավոր պահեստազորայիններ: Նրանք տեղակայված են Նոր Հարավային Ուելսում, Վիկտորիայում եւ Հարավային Ավստրալիայում:

Անցած շաբաթ Ավստրալիայի իշխանությունները մոբիլիզացրել են մոտ 3 հազար պահեստազորայինի: «Մեզ երկար ուղի է սպասվում, եւ մենք ամեն քայլափոխի կաջակցենք բոլոր շրջաններին»,- ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

Ավստրալիայում մի քանի ամիս է՝ շարունակվում են մասշտաբային հրդեհները: Այժմ Նոր Հարավային Ուելսում եւ Վիկտորիայում գրանցվել են հրդեհի ավելի քան 170 օջախներ: Հոկտեմբերից ամբողջ երկրում մահացել է 24 մարդ, այրվել է 7 մլն հա տարածք, որը երկու անգամ գերազանցում է Բելգիայի տարածքը:

Մորիսոնի խոսքով՝ հրդեհները դեռ կշարունակվեն: Կանբերրայում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի: Քաղաքային իշխանությունները բնակիչներին կոչ են անում լքել իրենց տները: Չեղարկվել են ավիաչվերթներ, փակվել են խանութներ, ուսումնական հաստատություններ եւ թանգարաններ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել