Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանի դուստրը` Վիկտորյան, հունվարի 18-ին դարձավ մեկ տարեկան: Ծնողները դստեր մեկամյակը նշել են ամենամտերիմ մարդկանց շրջապատում, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին մանրամասներ է պատմել:

«Մենք պլանավորել էինք, որ շատ մեծ ծնունդ չենք անելու և հավաքվելու ենք ամենամտերիմ մարդկանցով: Տորթը ընտրել էի արջուկներով, քանի որ աղջիկս շատ է սիրում արջուկներ: Շատ լավ տրամադրություն ուներ։ Նա առհասարակ լացկան չէ և շատ է սիրում պարել: Ամբողջ ընթացքում շատ լավ տրամադրություն է ունեցել, չնայած որ քունը տանում էր»:

Սիման պատմում է, որ Վիկտորյայի ծննդյան զգեստը շատ երկար է ընտրել․ «Ես չեմ սիրում, երբ աղջիկ երեխաներին վարդագույն շորեր են հագցնում, ու իմ սիրած գույնը կարմիրն է: Ամիսներ առաջ վերջապես օնլայն տարբերակով ընկերուհիս գտավ և պատվիրեց ծննդյան խնջույքի զգեստը»:

Այն հարցին՝ արդյո՞ք երեխայի խնամքի, ռեժիմի և հագուստների հարցում բծախնդիր է, հաղորդավարուհին պատասխանեց. «Ես շատ ադեկվատ եմ, չունեմ չափազանց բծախնդիր բաներ․ աղջիկս որտեղ ուզում է, քայլում է, ձեռք է տալիս, չեմ սահմանափակում նրան: Ինչ վերաբերում է հագուստին, քանի որ ինքս էլ սիրում եմ ոճային հագնվել, ուշադրություն եմ դարձնում նաև նրա հագուստին: Բայց ռեժիմին հետևում եմ, պետք է իր ժամին ուտի, լողանա և քնի: Դա ինձ մոտ ծայրահեղ է, և երևի միայն ծննդյան օրն է, որ մի քիչ խախտվեց»:

Երեխայի ծննդից հետո շատ մայրեր դառնում են բլոգերներ և սկսում կիսվել ինչպես իրենց երեխաների լուսանկարներով, այնպես էլ նրանց խնամքի տարբեր միջոցներով. «Իմ ինստագրամյան էջը փակ է և բաց է միայն մտերիմ ընկերների համար: Ես երեխայից շատ փոսթեր չեմ անում, չեմ սիրում այդ վիճակը: Իհարկե, հասկանում եմ, որ բոլորը ուրախանում են իրենց երեխայով, բայց երբ կողքից նայում եմ, մեկ-մեկ հասկանում եմ, որ չափազանց շատ է»:

 Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել