168.am-ը գրում է․

Կառավարությունը հերթական համաձայնագիրն է ուղարկել Սահմանադրական դատարան` դրա սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։

Խոսքն այս դեպքում վերաբերում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ս.թ․ հունիսի 30-ին ստորագրված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրին, որի նպատակն է՝ զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը և խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացումը:

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այս համաձայնագիրը մեր Սահմանադրությանը որևէ կետով չի հակասում, ապա Ճապոնիայի կառավարությունը չորս հարյուր միլիոն ճապոնական իեն դրամաշնորհ (1834197933 դր.) կտրամադրի Հայաստանին, որի շրջանակում հայկական կողմը պետք է ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել