Դանիացի գիտնականներն ուսումնասիրել են մոլորակի հյուսիսային շրջաններն ու առավել մեծ ուշադրություն դարձրել Գրենլանդիայում գտնվող Զակենբերգ բնակավայրի վրա: Այնտեղ վերջին տարիներին գրանցվել է սարդ-գայլերի ակտիվության ավելացում:

Նման իրավիճակ է տիրում նաև աշխարհի որոշ այլ անկյուններում: Սարդերը ջերմություն սիրող կենդանիներ են, իսկ գլոբալ տաքացումը նպաստում է նրանց ակտիվ բազմացմանը: Որպես կանոն, սարդերը տարվա ընթացքում մի քանի անգամ ձվեր են դնում, սակայն եթե հաշվի առնենք Գրենլանդիայի արկտիկական կլիման, ապա այնտեղ միջատները դա անում են տարեկան միայն մեկ անգամ:

Զակենբերգում ավելի ու ավելի հաճախ են գրանցվում մեկ տարում սարդ-գայլերի երկանգամյա ձվադրումներ: Գիտնականները նշում են, որ շոգի պատճառով ձյան վաղաժամ հալչումն ու սարդերի ակտիվ բազմացումը փոխկապակցված երևույթներ են:

Կլիմայական փոփոխությունները մոլորակի վրա ամենից շատ ազդում են հենց Արկտիկայի վրա: Դրա առնչությամբ կենսաբանները կարծում են, որ սարդերի թիվն այդ տարածքում մոտակա տասնամյակի ընթացքում կարող է մի քանի անգամ ավելանալ:

Գիտնականները գրանցում են Արկտիկայի սարդերի վերարտադրողական ակտիվության հետ կապված բոլոր թվերն արդեն 19 տարի շարունակ: 90-ական թվականներին սարդ-գայլերը ձվադրում կատարում էին տարվա ընթացքում միայն մեկ անգամ. դա նրանց սահմանն էր: Սակայն այսօր սարդերի նույն տեսակը բազմանում է տարեկան երկու անգամ:

Կենսաբանները նաև նշում են, որ վերջին տարիներին էգ սարդերը շատացել ու նաև ուժեղացել են օդի միջին ջերմաստիճանի բարձրացման հետևանքով: Այդպիսով նրանք կարողանում են ավելի առողջ ու շատ սերունդներ տալ: Բացի դրանից՝ սարդ-գայլերը Արկտիկայում չունեն բնական հակառակորդներ, ինչը ևս կնպաստի հետագայում նրանց թվի ակտիվ ու անխաթար ավելացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել