666 թիվը վախ է ներշնչում մարդկանց, և այն համարում են սատանյի թիվ: Մարդիկ հավատում են, որ այս թիվն անհաջողություն և դժբախտություն է բերում: Սակայն ո՞րն է նման մտածելակերպի պատճառը: Այս հարցի պատասխանը հարյուրամյակներ շարունակ փորձում են գտնել Աստվածաշունչն ուսումնասիրողներն ու գիտնականները: Միանշանակ պատասխան դեռևս հնարավոր չի եղել գտնել, սակայն կան առաջ քաշված մի քանի վարկածներ:

Եթե հղում կատարենք Հովհաննես առաքյալի Հայտնություն գրքին, ապա կնկատենք, որ դրանում «հրեշը», այսինքն՝ սատանան, թվային վերծանմամբ ունի «666» անունը: Պարզվում է՝ Հայտնությունը գրելու ժամանակ աշխարհը ծանոթ չէր արաբական թվանշաններին: Դրանց փոխարեն մարդիկ օգտագործել են այբուբենի տառերը՝ յուրաքանչյուր տառին տալով թվային արժեք, այսինքն՝ մարդիկ տառերը կարդում էին որպես թվեր:

Այս թեմայի վերաբերյալ մի շարք վկայություններ ու առասպելներ կան, որոնք հաստատում են հատուկ կապը թվի ու տառերի միջև: Եթե նույն կերպ թվային արժեք տանք Ներոն կայսեր անունին, ով եղել է վաղ քրիստոնեության զարգացման ժամանակ դաժան հետապնդումներ իրականացնող, ապա կստանանք նույն «666» թիվը:

Կա նաև մեկ այլ վարկած, որը բացատրում է 666 թվի իմաստը: Կատարյալ թիվ է համարվում 7-ը: Ելնելով դրանից՝ 777 թիվը համարում են Քրիստոսի թիվը: Եթե դա այդպես է, ապա 666-ը ոչ այլ ինչ է, քան սատանայի թիվը, որը ոչ մի կերպ չի կարողանում ձգտել կատարելության, որը հասու է միայն Աստծուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել