Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում շարունակում է երկամյա ապօրինության արդյունքում պատճառված վնասների գնահատման, ենթակառուցվածքների վերանորոգման, ճանապարհների բարեկարգման, տեխնիկայի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ավելի քանի 80 աշխատակից, որոնց մեծ մասը` Ամուլսարի հարակից համայնքներից:

Նախորդ շաբաթ Ամուլսարում էին գտնվում նաև Zeppelin Armenia-ի ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են «Լիդիանի» Caterpillar ավտոպարկի տեխնիկայի վերանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ Ամուլսարում գտնվող «Լիդիանի» ավտոպարկն ամենախոշորն է Հայաստանում` ընդհանուր 65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով տեխնիկան, հայտնվելով բարձիթողի վիճակում, կրել է զգալի վնասներ, մասնագետները չեն բացառում նաև գողության փաստը, որովհետև որոշ թանկարժեք պահեստամասեր անհետացել են: Մասնագետներն աշխատում են տեխնիկայի վերականգնման և վնասների գնահատման ուղղությամբ։ Վերականգնված տեխնիկայի մի մասն արդեն ներգրավվել է Ամուլսարում իրականացվող որոշակի աշխատանքներին:

Միաժամանակ Ամուլսարի մատույցներում ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումը շարունակում է պարբերաբար խանգարել աշխատակիցների ելումուտին, սպառնալ սեփական համայնքի բնակիչներին։ «Լիդիան Արմենիան» օրենքի շրջանակներում պաշտպանելու է Ամուլսարի տարածքն ապօրինի ոտնձգություններից։ Համայնքներում օրինական աշխատանքով իրենց ապրուստը վաստակող բազմաթիվ բնակիչների անվտանգության ապահովումն իրավապահ համակարգի լիազորությունն ու պարտավորությունն է, որը, հույս ունենք, պատշաճ կկատարվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել