Tert.am-ը գրում է.

Իշխանության մարտավարությունը որևէ մեկին քարկոծելն է, և երբ իր դիմաց չկա այդպիսի մեկը, իշխանական քարոզչամեքենան թուլանում է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:

«Հանրաքվեի ամբողջ գործընթացը մենք համարում ենք հակաիրավական և հակասահմանադրական, այդ պատճառով դրան չենք մասնակցելու: Արդյոք նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները. մեր պատասխանն է՝ ոչ, և այդ միջոցին դիմելով՝ մենք շատ բան կքանդենք: Եթե ԲՀԿ-ն միանա մեզ, մենք այսօր էլ ստորագրահավաք կանենք ու կդիմենք ՍԴ-ին: Բայց ակնհայտ է, որ նրանք մեզ չեն միանա»,- ասել է պատգամավորը:

Ըստ Թանդիլյանի՝ ԲՀԿ-ն կաշկանդված է իր քաղաքական որոշումներում, քանի որ խոցելի է և կախյալ՝ ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»:

«Մենք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ունենք, պետք է մշակենք համակարգային լուծումներ: Սուպերվարչապետական համակարգը շարունակում է գոյություն ունենալ, անհրաժեշտ է փոխել ամբողջ փաստաթուղթը, ոչ թե ընդամենը մեկ հոդված: Մենք մեկ մարդու համար գնում ենք հանրաքվե անելու, Սահմանադրություն փոխելու»,- ասել է Թանդիլյանը:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանության ցանկությունն այն էր, որ ԼՀԿ-ն ներգրավվի «Ոչ»-ի շտաբում, և իրենց խրտվիլակ թիրախ դարձնեն. «Մեր ժողովուրդն ավելի արագ համախմբվում է ընդդեմի, ոչ թե հանունի գաղափարի ներքո: Իշխանությունը հատում է բոլոր վտանգավոր գծերը: Եթե քեզ հետ չհամաձայնվողին համարում են հակապետական, լրջագույն հարված են հասցնում իրավունքի գերակայությանը և պետական շահին: Երկրի առաջին դեմքի շուրթերից հնչող նման արտահայտություններն անթույլատրելի և վտանգավոր են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել